12.04.2012

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն  N 1
«ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԻ ԿՈԼԵԳԻԱ»

ինքնակարգավորվող կազմակերպության կարգապահական հանձնաժողովի 12.04.2012թ. նիստի

 

Մասնակցությամբ`

 

Դիտորդ խորհրդի նախագահ` Հրանտ Ղամբարյանի

Խորհրդի անդամներ` Խաչիկ Նազարյանի, Վահագն Ավագյանի,  Գևորգ Ավագյանի, Լևոն Պետրոսյանի, Ռուբեն Խալաթյանի

 

Կարգապահական հանձնաժողովի նախագահ`  Խաչատուր  Ղահրամանյանի

Հանձնաժողովի անդամներ` Աղասի Արսենյանի, Արման Սարգսյանի, Սոֆյա Դավթյանի

 

Օրակարգում

 

          Սնանկության գործերով  կառավարիչ Սաղաթել Ալեքսանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու  վերաբերյալ հարցի քննարկումը:

Նիստին ներկայացել էին ՙԱնի Կյուր» ՍՊԸ սնանկության կառավարիչ Սաղաթել Ալեքսանյանը և ՙԿանակա» ԲԲԸ փաստաբան Վարդան Առաքելյան:

Նիստը բացեց կարգապահական հանձնաժողովի նախագահ Խ.Ղահրամանյանը, որը և առաջարկեց կարգապահական հանձնաժողովին անցնել օրակարգի հարցի քննարկմանը, այն է` ՙՍԳԿԿ» ԻԿԿ մուտք եղած ՙԿանակա» ԲԲԸ փաստաբան Վարդան Առաքելյանի 22.03.2012թ. N: ՎԱ-04/ դիմումի համաձայն, ՙԱնի Կյուր» ՍՊԸ սնանկության կառավարիչ Սաղաթել Ալեքսանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին ինչպես նաև առաջարկեց  պարզել ՙԱնի Կյուր» ՍՊԸ սնանկության կառավարիչ Սաղաթել Ալեքսանյանի գործողություններում առկա են արդյոք խախտումներ և որոնք են խախտման շրջանակները:

Այնուհետև կարգապահական հանձնաժողովի նախագահ Խ.Ղահրամանյանը առաջարկեց ՙԿանակա»  ԲԲԸ փաստաբան Վարդան Առաքելյանին ներկայացնել դիմումը:

 

 

06.12.2010թ.-ին Լոռու մարզի ԴԱՀԿ ծառայության կողմից հայցադիմում է ներկայացվել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան ՙԱնի-Կյուր»  ՍՊԸ-ին սնանկ ճանաչելու պահանջով:

Հարուցվել է թիվ ԼԴ 0042/04/10 քաղաքացիական գործը (նախագահող դատավոր` Խաչատուր Խաչատրյան) և 17.12.2010թ. հրապարակվել է վճիռը ՙԱնի-Կյուր» ՍՊԸ-ին սնանկ ճանաչելու մասին:

ԼԴ 0042/04/10 քաղաքացիական գործով 17.12.2010թ. հրապարակված վճիռը ՙԱնի-Կյուր» ՍՊԸ-ին սնանկ ճանաչելու մասին 10.01.2011թ.-ին մտել է օրինական ուժի մեջ և նույն օրը կայացված որոշմամբ Սաղաթել Ալեքսանյանը նշանակվել է ՙԱնի Կյուր» ՍՊԸ սնանկության գործով կառավարիչ:

Հաստատվել է ՙԱնի Կյուր» ՍՊԸ պարտատերերի պահանջների ցանկը, որով հաստատվել է ՙԿանակա» ԲԲԸ պահանջի իրավունքը ՙԱնի Կյուր» ՍՊԸ նկատմամբ 3.528.000 (երեք միլիոն հինգ հարյուր քսանութ հազար) ՀՀ դրամի չափով, որն ի դեպ թվով երկրորդ պահանջն է ՀՀ ԿԱ ՊԵԿ Վանաձորի ՏՀՏ-ից հետո:

 

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ

ՙԿանակա՚ ԲԲԸ և ՙԱնի Կյուր»  ՍՊԸ միջև 21.05.2009թ. մինչև 21.05.2010թ. կնքված վարձակալության պայմանագրի ուժով ՙԿանակա՚ ԲԲԸ-ին պատկանող Լոռու մարզ, գ. Դարպաս հասցեում գտնվող, թիվ 1906867 սեփականության իրավունքի գրանցման վկայականում արտացոլված անշարժ գույքը հանձնված է եղել վարձակալության ՙԱնի Կյուր» ՍՊԸ-ին, սակայն վարձակալական պայմանագրի ավարտից հետո ՙԱնի Կյուր» ՍՊԸ-ն չի վերադարձրել ՙԿանակա՚ ԲԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող վերը նշված տարածքը,

ՙԿանակա՚ ԲԲԸ-ն բազմիցս բանավոր դիմել է սնանկության գործով կառավարիչ Սաղաթել Ալեքսանյանին, իրեն սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքը վերադարձնելու պահանջով, ստանալով ընդամենը հավաստիացումներ, սակայն ոչ արդյունք, արդեն ՙԿանակա՚ ԲԲԸ-ն սկսել է գրավոր դիմել Սաղաթել Ալեքսանյանին:

Մասնավորապես.

1. 09.06.2011թ. Ընկերության թիվ 42 գրությանն ի պատասխան Սաղաթել Ալեքսանյանը տվել է պատասխան, որ չի տնօրինում խնդրո առարկա գույքը,

2. 19.12.2011թ. Ընկերության թիվ 65 գրությանն ի պատասխան Սաղաթել Ալեքսանյանը տվել է պատասխան, որ պարտապանը չի ծավալում աշխատանքային գործունեություն խնդրո առարկա հասցեով,

3. 28.12.2011թ. Ընկերության գրությանն ի պատասխան Սաղաթել Ալեքսանյանը տվել է պատասխան, որ սնանկության գործով կառավարիչը բարոյապես իրավունք չունի ներխուժել ուրիշի տարածք... և այլն:

Վերը նշված գործողությունների արդյունքում պարտապան ՙԱնի Կյուր՚ ՍՊԸ-ն խնդրո առարկա տարածքը, բնականաբար սնանկության գործով կառավարչի թողտվությամբ, վարձակալության է տրամադրել ՙՏիգրան Կյուրեղյան՚ ՍՊԸ-ին, փաստացի կատարածքը տնօրինվել է ՙԱնի Կյուր՚ ՍՊԸ 100 տոկոս բաժնետեր, միաժամանակ նաև տնօրեն Հակոբ Կյուրեղյանի կողմից, ինչի կապակցությամբ էլ Ընկերության կողմից հայցադիմում է ներկայացվել ՀՀ լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան ՙԿանակա՚ ԲԲԸ-ի օգտագործմանը, տնօրինմանը և տիրապետմանը Լոռու մարզ, գ. Դարպաս հասցեում գտնվող, թիվ 1906867 սեփականության իրավունքի գրանցման վկայականում արտացոլված անշարժ գույքը, ինչպես նաև 23.04.2009թ. շարժական միջոցների հանձնման մասին ակտով հանձնված և ներկայումս Հակոբ Կյուրեղյանի կողմից տնօրինվող շարժական միջոցները վերադարձնելու և  որպես սեփականության իրավունքով ՙԿանակա՚ ԲԲԸ-ին պատկանող Լոռու մարզ, գ. Դարպաս հասցեում գտնվող, թիվ 1906867 սեփականության իրավունքի գրանցման վկայականում արտացոլված անշարժ գույքի առանց իրավական հիմքի տիրապետման և օգտագործման հետևանք ՙԿանակա՚ ԲԲԸ-ին պատճառված վնասները, այդ թվում նաև բաց թողնված օգուտը` 4.486.000 (չորս միլիոն չորս հարյուր ութսունվեց հազար) դրամի չափով հատուցելու պահանջների մասին (ԼԴ/0441/02/11 քաղաքացիական գործ):

 

 Սնանկության գործով կառավարչի լիազորությունների իրականացման ընթացքում Սաղաթել Ալեքսանյանի կողմից տեղ գտած խախտումները.

1. ՙՍնանկության մասին՚ ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 56-րդ հոդվածի համաձայն`

Պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո` 30 օրվա ընթացքում, կառավարիչն իրականացնում է պարտապանի գույքի գույքագրում: Գույքի մեծ ծավալների կամ այլ հարգելի պատճառների առկայության դեպքում դատարանը կարող է երկարաձգել գույքագրման ժամկետը ողջամիտ ժամկետով: Կառավարչի պահանջով պարտապանի համապատասխան աշխատակիցները պարտավոր են ներկա լինել և աջակցել գույքագրմանը:

Պարտապանի գույքի գույքագրման մասին կառավարիչը ծանուցում է խորհրդին, իսկ այն ձևավորված չլինելու դեպքում` առավել մեծ պահանջներ ունեցող 5 հայտնի պարտատերերին: Այդ անձինք կարող են ներկա գտնվել գույքագրման աշխատանքներին, սակայն նրանց չներկայանալն արգելք չէ գույքագրումն իրականացնելու համար:

Մասնավորապես պարտատեր ՙԿանակա՚ ԲԲԸ-ն չի ծանուցվել և մասնակից չի դարձվել պարտապան ՙԱնի Կյուր՚ ՍՊԸ գույքի գույքագրման աշխատանքներին, ինչի արդյունքում էլ խնդրո առարկա անշարժ գույքը շարունակվել է տիրապետվել ՙԱնի Կյուր՚ ՍՊԸ տնօրեն և միակ բաժնետեր Հակոբ Կյուրեղյանի կողմից և դա այն դեպքում, երբ ՙԿանակա՚ ԲԲԸ-ն բազմիցս դիմել է սնանկության գործով կառավարչին գույքագրում իրականացնելու պահանջով:

2. Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի ՙժա՚ կետի համաձայն` սնանկության վերաբերյալ գործով նշանակված կառավարիչը` հսկողություն է իրականացնում պարտապանի ղեկավարի պարտականությունների կատարման նկատմամբ:

նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` սույն օրենքով սահմանված լիազորություններն իրականացնելիս կառավարիչը գործում է պարտապանի անունից և իր պատասխանատվությամբ:

Տվյալ պարագայում սնանկության գործով կառավարիչը ոչ միայն հսկողություն չի իրականացրել պարտապանի ղեկավարի` նույն ինքը` Հակոբ Կյուրեղյանի, պարտականությունների կատարման նկատմամբ, այլև իր իսկ թողտվությամբ Հակոբ Կյուրեղյանը շարունակել է տիրապետել խնդրո առարկա անշարժ գույքը, իսկ եթե նման հանգամանքներն ուսումնասիրենք Օրենքի 29-րդ հոդվածի 3-րդ մասի իրավակարգավորման լույսի ներքո, ապա կունենանք հետևյալ պատկերը. այլ անձի կողմից տարածքի ապօրինի տիրապետման և օգտագործման ողջ պատասխանատուն Սաղաթել Ալեքսանյանն է:

Նման պայմաններում էլ գտնում ենք, որ կիրառելի պետք է լինեն նաև Օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դրույթները:

 Ելնելով վերոգրյալից, ղեկավարվելով ՙՍնանկության մասին՚ ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով, խնդրեց ՙԱնի Կյուր՚ ՍՊԸ սնանկության կառավարիչ Սաղաթել Ալեքսանյանին ենթարկել կարգապահական պատասխանատվության:

Կարգապահական հանձնաժողովին ներկայացվեց հետևյալ փաստաթղթերը

1. ՙԿանակա՚ ԲԲԸ կողմից փաստաբան Վարդան Առաքելյանին տրված լիազորագրի պատճենը և փաստաբանական գործունեության արտոնագրի պատճենը:

2. Սաղաթել Ալեքսանյանի կողմից առանց ամիս ամսաթիվ տրված հաշվետվության պատճենը,

3. Սաղաթել Ալեքսանյանի կողմից առանց ամիս ամսաթիվ տրված գրության պատճենը,

4. ՙԱնի Կյուր՚ ՍՊԸ նախկին տնօրեն Հ. Կյուրեղյանի կողմից ի պատասխան սնանկության գործով կառավարչի 11.02.2011թ. գրության տրված պատասխանի պատճենը,

5. ՙԿանակա՚ ԲԲԸ 06.02.2012թ. գրության պատճենը,

6. Սաղաթել Ալեքսանյանի կողմից ի պատասխան ՙԿանակա՚ ԲԲԸ-ի 06.07.2011թ. գրության տրված պատասխանի պատճենը,

7. Սաղաթել Ալեքսանյանի կողմից ի պատասխան ՙԿանակա՚ ԲԲԸ-ի 09.06.2011թ. թիվ 42 գրության տրված պատասխանի պատճենը,

8. ՙԿանակա՚ ԲԲԸ 09.06.2011թ. թիվ 42 գրության պատճենն ուղղված Սաղաթել Ալեքսանյանին,

9. ՙԿանակա՚ ԲԲԸ 19.12.2011թ. թիվ 65 գրության պատճենն ուղղված Սաղաթել Ալեքսանյանին,

10. Սաղաթել Ալեքսանյանի կողմից ի պատասխան ՙԿանակա՚ ԲԲԸ-ի 19.12.2011թ. գրության տրված պատասխանի պատճենը,

11. Սաղաթել Ալեքսանյանի կողմից ի պատասխան ՙԿանակա՚ ԲԲԸ-ի ներկայացուցչի 28.12.2011թ. գրության տրված պատասխանի պատճենը,

12. Առանց ամիս ամսաթվի ՙԱնի Կյուր՚ ՍՊԸ տնօրեն Հ. Կյուրեղյանի գրության պատճենն ուղղված ՙԿանակա՚ ԲԲԸ-ին,

13. ՙԿանակա՚ ԲԲԸ 08.02.2011թ. գրությունն /պահանջ/ ուղղված ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանին:

14. ՙԱնի Կյուր՚ ՍՊԸ տնօրենի 15.05.2009թ. գրության պատճենը ուղված ՙԿանակա՚ ԲԲԸ տնօրեն Հ.Հովհաննիսյանին:

15. ՙԿանակա՚ ԲԲԸ տնօրենների խորհրդի 21.05.2009թ. նիստի արձանագրության պատճենը:

16.21.05.2009թ. անշարժ գույքի վարձակալության պայմանագրի պատճենը:

 

Կարգապահական հանձնաժողովի նախագահ Խ.Ղահրամանյանը առաջարկեց ուսումնասիրել դիմումումում նշված ՙԱնի Կյուր՚ ՍՊԸ սնանկության կառավարիչ Սաղաթել Ալեքսանյանի սնանկության վարույթի շրջանակներում գործողությունների  փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ  քննարկումը` բացահայտելով գործի բոլոր հանգամանքները:

Այնուհետև Կարգապահական հանձնաժողովի նախագահ Խ.Ղահրամանյանը առաջարկեց կարգապահական հանձնաժողավի և դիտորդ խորհրդի անդամներին հարցեր ուղղել  կողմերին  եթե այդպիսիք առկա են:

Կարգապահական հանձնաժողովի և դիտորդ խորհրդի անդամներ Ա.Սարգսյանը  և Ա.Չիտչյանը հարցեր տվեցին ՙԿանակա՚ ԲԲԸ փաստաբան Վարդան Առաքելյանին այն մասին, որ ինչ կապ ունի ՙԱնի Կյուր՚ ՍՊԸ սնանկության կառավարիչ Սաղաթել Ալեքսանյանը մինչ սնանկությունը կնքված և վեճի առարկա վարձակալության պայմանագրի կնքման և նրանում նշված անշարժ գույքի հետ:

ՙԿանակա՚ ԲԲԸ փաստաբան Վարդան Առաքելյանը պատասխանեց, որ ՙԱնի Կյուր՚ ՍՊԸ սնանկության կառավարիչ Սաղաթել Ալեքսանյանը մինչ սնանկության գործընթաց սկսելը  ոչ մի կապ չի ունեցել վարձակալած գույքի և երկու ընկերությունների ընթացիկ գործունեության հետ, սակայն պնդեց, որ ՙԱնի Կյուր՚ ՍՊԸ սնանկության կառավարիչ Սաղաթել Ալեքսանյանը պարտավոր էր գույքագրել վարձակալած գույքը և դադարեցնել ՙԱնի Կյուր՚ ՍՊԸ-ի նախկին տնօրեն Հ.Կյուրեղյանի կողմից վեճի առարկա հանդիսացող անշարժ գույքի ապօրինի տիրապետումը:

Այնուհետև Կարգապահական հանձնաժողովի անդամ Ա.Սարգսյանը հարց տվեց փաստաբան Վարդան Առաքելյանին, որպիսի վերջինս հստակեցնի հետևյալ հարցը վեճի առարկա հանդիսացող անշարժ գույքը ապօրինի տիրապետվում է ՙԱնի Կյուր՚ ՍՊԸ-ի թե ՙԱնի Կյուր՚ ՍՊԸ-ի նախկին տնօրեն որպես ֆիզիկական անձ Հ.Կյուրեղյանի կողմից:

Ի պատասխան հիշյալ հարցի Վ.Առաքելյանը հայտնեց, որ գույքը ապօրինի տիրապետվում է ֆիզիկական անձ Հ.Կյուրեղյանի կողմից և որ առկա է դատական վեճ  ՙԿանակա՚ ԲԲԸ և ֆիզիկական անձ Հ.Կյուրեղյանի միջև  /նույն անշաչժ գույի ապօրինի տիրապետումից գույքը հետ պահանջելու մասին/ սակայն իր խորհին համոզմամբ ՙԱնի Կյուր՚ ՍՊԸ սնանկության կառավարիչը պարտավոր էր կանխել և միջոցներ ձեռնարկել ապօրինությունը կանխելու ուղղությամբ:

Այնուհետև Կարգապահական հանձնաժողովի անդամ Ա.Սարգսյանը հարց տվեց ՙԱնի Կյուր՚ ՍՊԸ սնանկության կառավարիչ Սաղաթել Ալեքսանյանին հարցրեց այն մասին, թե վիճելի գույքը հանդիսանում է արդյոք պարտապան ՙԱնի Կյուր՚ ՍՊԸի սեփականությունը թե ոչ և ինչ կարծիք ունի նա վարձակալության պայմանագրի մասին:

Սաղաթել Ալեքսանյանը հայտնեց, որ հիշյալ գույքը հանդիսանում է ՙԿանակա՚ ԲԲԸ-ի սեփականությունը և նա իրավունք չունեի ապօրինի գույքագրել այդ գույքը , իսկ ինչ վերաբերվում է վարձակալության պայմանագրին ապա օրենքի ուժով այդ պայամանագիրը լուծվել է:

ՙԿանակա՚ ԲԲԸ փաստաբան Վարդան Առաքելյանը ևս հավաստեց այն մասին, որ վեճի առարկա անշարժ գույը ՙԿանակա՚ ԲԲԸ-ի սեփականությունն է:

Այնուհետև Կարգապահական հանձնաժողովի նախագահ Խ.Ղահրամանյանը հարց ուղղեց ՙԿանակա՚ ԲԲԸ փաստաբան Վարդան Առաքելյանին, այն մասին, թե առկա է որևիցե ապացույց որով կհիմնավորվեր որ վեճի առարկա անշարժ գույքը այն է` Լոռու մարզ գ. Դարպաս /վկայական թիվ 1906867/, տիրապետվում է ՙԱնի Կյուր՚ ՍՊԸ սնանկության կառավարիչ Սաղաթել Ալեքսանյանի կողմից:

Վ.Առաքելյանը չմատնանշեց և չվկայակոչեց որևիցե ապացույց:

Խ.Ղահրամանյանը հարց ուղղեց ՙԱնի Կյուր՚ ՍՊԸ սնանկության կառավարիչ Սաղաթել Ալեքսանյանին, այն մասին, որ վիճելի անշարժ գույքը հանդիսանում է ՙԱնի Կյուր՚ ՍՊԸ-ի իրավաբանական հասցեն թե ոչ:

Սաղաթել Առաքելյանը հայտնեց, որ ՙԱնի Կյուր՚ ՍՊԸ-ի իրավաբանական հասցեն այլ է և կապ չունի վիճելի անշարժ գույքի հետ, միաժամանակ հայտնեց, որ ՙԱնի Կյուր՚ ՍՊԸ-ի իրավաբանական հասցեն հանդիսանում է այլ անձի սեփականություն և օգտագործվել է միայն որպես իրավաբանական հասցե:

 

Կարգապահական հանձնաժողովի նախագահ  Խ.Ղահրամանյանը առաջարկեց և հանձնաժողովի անդամների հետազոտմանը ներկայացրեց  ՙԿանակա՚ ԲԲԸ փաստաբան Վարդան Առաքելյանի կողմից ներկայացրած փաստաթղթերը:

 

 

Գնահատելով գործում առկա ապացույցները կարգապահական հանձնաժողովը հաստատված է համարել հետևյալ փաստերը.

 

1.         ՙԱնի Կյուր՚ ՍՊԸ սնանկության կառավարիչ Սաղաթել Ալեքսանյանը, ՙԱնի Կյուր՚ ՍՊԸ սնանկության վարույթը իրականացնելիս պարզել է, որ Լոռու մարզ գ. Դարպաս /վկայական թիվ 1906867/ անշարժ գույքը չի պատկանում պարտապան ՙԱնի Կյուր՚ ՍՊԸ-ին և հետևաբար չեր կարող գույքագրվել որպես պարտապանի գույք:

2.         ՙԿանակա՚ ԲԲԸ փաստաբան Վարդան Առաքելյանը հավաստել այն մասին, որ վեճի առարկա անշարժ գույը ՙԿանակա՚ ԲԲԸ-ի սեփականությունն է:

3.         Լոռու մարզ գ. Դարպաս /վկայական թիվ 1906867/ անշարժ գույքը ապորինի տիրապետվում է ֆիզիկական անձ Հ.Կյուրեղյանի կողմից և որ առկա է դատական վեճ  ՙԿանակա՚ ԲԲԸ և ֆիզիկական անձ Հ.Կյուրեղյանի միջև  /նույն անշաչժ գույի ապօրինի տիրապետումից գույքը հետ պահանջելու մասին/:

4.         ՙԱնի Կյուր՚ ՍՊԸ-ի իրավաբանական հասցեն այլ է և կապ չունի վիճելի անշարժ գույքի հետ:

 

Կարգապահական հանձնաժողովի իրավական հիմնավորումները.

 

Համաձայն ՙՍնանկության մասին՚ 47-րդ հոդվածի 1-ին կետի

Հոդված 47.  Պարտապանի գույքն ու դրա տնօրինումը

 

1. Պարտապանի գույքի կազմում է ներառվում պարտապանին պատկանող ցանկացած գույք, իրավունք կամ այլ ակտիվ, ներառյալ` մտավոր սեփականության օբյեկտ, ինչպես նաև ցանկացած այլ գույք, որը գրավադրվել է երրորդ անձի կողմից` ի ապահովում պարտապանի կողմից իր պարտավորությունների պատշաճ կատարման:

 

Կարգապահական հանձնաժողովը արձանագրում է, որ ՙԱնի Կյուր՚ ՍՊԸ սնանկության կառավարիչ Սաղաթել Ալեքսանյանը իրավազոր չեր գույքագրելու այլ անձանց պատկանող գույք:

 

 

Համաձայն  ՙՍԳԿԿ՚ ԻԿԿ սնանկության գործով կառավարիչների մասնագիտական վարքագծի էթիկայի Կանոնների 1-ին կետի` Սնանկության գործով կառավարչի մասնագիտական գործունեությունը իրականացնելիս պարտավոր է ղեկավարվել ՀՀ օրենսդրությամբ, պահպանել Ինքնակարգավորվող կազմակերպության Կանոնադրությունը և ներքին կանոնակարգը, ինչպես նաև, կատարել Ինքնակարգավորվող կազմակերպության վարչական մարմինների որոշումները: Սնանկության գործով կառավարչի մասնագիտական գործունեություն հասկացողության տակ ենթադրվում է Ինքնակարգավորվող կազմակերպության գործունեությունը, որպես սնանկության գործով կառավարչի «Սնանկության մասինե ՀՀ օրենքով նախատեսված և դրան համապատասխան, սնանկության ընթացակարգի իրականացումը:

       Կանոնների 2-րդ կետի համաձայն` Կառավարիչը մասնագիտական գործունեությունը իրականացնում է հիմնվելով անկախության և անաչառության, բարեխղճության և խելամտության սկզբունքների վրա:

Կանոնների 3-րդ կետի համաձայն` Կառավարիչը անաչառ քննում է բոլոր ծագած իրադրությունները և իրական փաստերը, թույլ չի տալիս, որ անձնական կողմնակալությունը կամ հարող ճնշումները անդրադառնան իր եզրակացությունների, որոշումների և գործունեության անաչառության վրա: Կառավարիչը մասնակցելով սնանկության գործընթացին` բոլոր միջոցներով նպաստում է արդարության իրականացմանը, եզրահանգումներ է անում, որոշումներ է կայացնում և գործողությունն է իրականացնում` հիմնվելով միմիայն բավարար ծավալների պահանջող հավաստի տեղեկությունների վրա:

Կանոնների 14-րդ կետի համաձայն` Կառավարիչը պարտավոր է թույլ չտալ գործողություններ, որոնք ուղղված են սնանկության գործի մասնակից անձանց օրինական շահերը խոչընդոտելուն և չաջակցել դրանում երրորդ անձի:

 

Համաձայն  ՙՍԳԿԿ՚ ԻԿԿ կանոնադրության 7.7 կետի 5-րդ ենթակետի, կազմակերպության  անդամը պարտավոր է`  բարեխղճորեն կատարել իր վրա դրված պարտականությունները,

 

Կարգապահական հանձնաժողովը  միաձայն որոշեց`

 

ՙԱնի Կյուր՚ ՍՊԸ սնանկության կառավարիչ Սաղաթել Ալեքսանյանը գործել է ՙՍնանկության մասին՚ ՀՀ օրենքի շրջանակներում՝  բարեխղճորեն կատարելով ստանձնած պարտավորությունները և ՙՍԳԿԿ՚ ԻԿԿ կանոնադրության, ինչպես նաև մասնագիտական վարքագծի էթիկայի Կանոնների  խախտում թույլ չի տվել:

 

Այնուհետև կարգապահական հանձնաժողովի հիշյալ որոշմանը միաձայն հավանություն տվեց նաև Դիտորդ խորհուրդը, չավելացնելով և չպակասեցնելով կարգապահական հանձնաժողովի դիրքորոշումը: 

 

 

 

Դիտորդ խորհրդի նախագահ                                        Հ. Ղամբարյան

 

 

Կարգապահական հանձնաժողովի

Նախագահ                                                              Խ.Ղահրամանյան